Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Եթե Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ն չընտրի, ուրեմն ցանկանում է գրպանային ընդդիմություն ունենալ»

«Եթե Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ն չընտրի, ուրեմն ցանկանում է գրպանային ընդդիմություն ունենալ»
13.11.2018 | 01:10

Հանրապետական կուսակցությունը որոշել է մասնակցել դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական քարոզարշավին կուսակցության առաջնորդ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չեն մասնակցելու: Ի դեպ, վերջինս լքել է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը, իսկ նրան փոխարինելու է եկել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Կուսակցության օրերս տեղի ունեցած խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարեց Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարակից մի շարք հարցերի ևս:
Խոսելով խորհրդի նիստի օրակարգից՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ քննարկել են կարևոր մի փաստաթուղթ-բանաձև, որն ամրագրում է ՀՀԿ-ի մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին, գործող կառավարության արձանագրած արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում են հանրապետականները:


«Հանրապետական կուսակցության նախագահ ու ղեկավար կազմ ընտրելու հարցը պետք է որոշվեր 2019-ի գարնանը, բայց խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջ բերելը մեր կուսակցությանը զրկեց նորմալ համագումար կազմակերպելու հնարավորությունից: Իհարկե, կարող էինք ձևական համագումար կազմակերպել, ինչպես շատ կուսակցություններ են դա անում, բայց չենք ցանկացել: Մեր սխալներից մեկն այն է եղել, որ կորցրել ենք մեր ուղիղ կապը մարզային կառույցների կուսակցական գործընկերների հետ, և այդ կոնտեքստում նախընտրեցինք նորմալ համագումար անցկացնել ընտրություններից հետո: Ուզում եմ հայտնել նաև, որ այսօրվա նիստի ժամանակ որոշել ենք փոխել կանանց կառույցի ղեկավարին: Հերմինե Նաղդալյանին փոխարինել է Կարինե Աճեմյանը, իսկ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանի փոխարեն ընտրվել է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը: Այս փոփոխությունները կուսակցության արդիականացմամբ են պայմանավորված»,- ասաց նա:
Անդրադառնալով ընտրություններին՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում տեղ են գտնելու թե՛ կուսակցության անդամներ, թե՛ կուսակցության հետ կապ չունեցող դեմքեր, բայց յուրաքանչյուր ոք, որ ընդգրկվելու է համամասնական ցուցակում, առաջադրվելու է նաև վարկանիշային կարգով: Հստակեցրեց նաև՝ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ինքը, Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը չեն առաջադրվելու, իսկ կուսակցության ցուցակն ամբողջությամբ հրապարակվելու է նոյեմբերի 14-ին:


«Հասարակությունն ինչու՞ պետք է ձայն տա ՀՀԿ-ին. քանի որ մենք շատ լավ ծանոթ ենք երկրում առկա բոլոր խնդիրներին և գործող իշխանությանն ապացուցելու բան ունենք: Մեր կողմից ազնիվ չէր լինի ձեռքերը լվանալ ու չմասնակցել ընտրություններին: Դեմ ենք պարոն Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնություններին, տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք, սկսած Արցախյան հիմնահարցից մինչև բանակ, անվտանգություն, արտաքին քաղաքականություն, ծառացած են մեր անվտանգության առջև, և մեր պարտականությունն ենք համարում ուշադրությունը սևեռել այդ հարցերի վրա, քանի որ այս պահին իրական և միակ ընդդիմությունը «Հանրապետականն» է: Քաղաքական պայքարի մեջ մտած այլ ուժեր հիմնականում կա՛մ դուրս են եկել «Ելք» դաշինքի ծոցից, կա՛մ այս ժամանակահատվածում հասցրել են ստորագրել մի շարք փոխգործակցության պայմանագրեր պարոն Փաշինյանի հետ, ինչը թուլացրել է նրանց ընդդիմադիր կեցվածքը: Մեր թիմը քաղաքական ամուր թիմ է, որ կարող է դիմակայել բարդ իրավիճակներում: ՀՀԿ-ն ունի առաքելություն և առավել քան պահանջված գաղափարական օրակարգ,- ներկայացրեց բանախոսը:- Առաջիկա ընտրությունների ժամանակ չի որոշվելու, թե ով է լինելու իշխանություն, դա պարզից էլ պարզ է: Եվ վարչապետը, որին հրապարակում հավաքված մեր քաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու, պետք է շարունակի կատարել ստանձնած պարտականությունները: Ինքն ապացուցելու բան ունի, և մենք պատրաստ ենք որպես ընդդիմություն հավասարակշռելու դա՝ պարտադրելով, որ կատարվեն ժողովրդին տրված խոստումները: Սա է մեր նպատակը, օրակարգը, և մենք գնում ենք ժողովրդից քվե խնդրելու ոչ թե իշխանություն լինելու, լծակներ ու արտոնություն ունենալու, այլ ընդդիմության ծանր և պատասխանատու բեռը կրելու, ինչը ենթադրում է օրնիբուն ու քրտնաջան աշխատանք»:


Վիգեն Սարգսյանը նշեց նաև, որ քարոզարշավի ժամանակ բովանդակային լուրջ բանավեճի հարթակ ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում, և եթե լինի հրապարակային բանավեճի հրավեր, ապա ինքն անձամբ անպայման կմասնակցի դրան: «Ես շատ ուրախ եմ, որ վարչապետը եկել է այդ նույն համոզմանը, որն անցյալ ընտրությունների ժամանակ ես արտահայտել եմ: Ցավոք, այն ժամանակ բազմաթիվ ուժեր մերժեցին բանավեճի գաղափարը, և այն ուժերը, որոնք համաձայնել էին, ասացին, թե քանի որ բոլորը չեն գալիս, ուրեմն մենք էլ չենք գալիս, բայց դա վատ մոտեցում է: Եթե որևէ մեկը չի գալիս բանավեճի, դա իր թուլությունն է: Բանավեճի անպայման պետք է գնալ, մասնակցել»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հնարավոր հայտարարությանը, որ եթե «ուզում եք հեղափոխությունը վերջնական հաղթանակի հասնի, ապա պետք է ընտրեք ՔՊ-ին», ՀՀԿ-ականն ասաց՝ դա խաղի կանոնների խախտում չէ, ավելին, տարօրինակ կլինի, եթե վարչապետի պաշտոնակատարը հօգուտ իր թիմի քարոզչություն չանի, քանի որ դա նաև վստահության հանրաքվե է իր անձի նկատմամբ:


«Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, թաքուն կամ բացահայտ սատարի տարբեր այլ ուժերի, որպեսզի խորհրդարանում ունենա ավելի հարմար ընդդիմություն: Բայց «Հանրապետականի» համար այս պահին կարևորագույն հարցը հետևյալն է՝ ապագա պառլամենտը միաբևե՞ռ է լինելու, թե՞ բանավեճերի ականատես ենք լինելու: Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր՝ նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, ապա մենակ մնալով քվեախցիկում՝ քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, քանի որ երկրին այլընտրանք է պետք: Իսկ եթե նա դա չանի, ուրեմն ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»,- անկեղծացավ բանախոսը:


Պաշտպանության նախկին նախարարը, անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներին, մտահոգություն հայտնեց՝ ՀԱՊԿ-ում Հայաստանը նահանջելու մեծ ռիսկի առջև է կանգնած: Ըստ նրա՝ կառավարությունը պետք է ամեն ինչ անի ու թույլ չտա, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն այլ երկրի անցնի, քանի որ այն զիջելը նոր կառավարիչների մեծագույն սայթաքումներից կլինի. «Այդ ռիսկը պետք էր հաշվի առնել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված քայլեր ձեռնարկելիս: ԵԱՏՄ-ում հանձնաժողովի նախագահ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոն ունենալու վրա մեր կառավարությունը բավական լուրջ ջանքեր էր գործադրել, ինչը մեզ մեծ առավելություն էր տալիս: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում արցախյան պատերազմով անցած Խաչատուրովին նշանակելու հարցի ժամանակ մեծ ճնշումներ են եղել հայկական կողմի վրա, բայց մենք հասել ենք այդ արդյունքին: Հայաստանը միշտ եղել է ՀԱՊԿ ակտիվ դերակատարներից մեկը, որն ունեցել է իր ծանրակշիռ խոսքը: Այո, դա արժեք է, ու հուսով եմ, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե արտաքին քաղաքականության մեջ նախորդ կառավարության ուղենշած վեկտորը պահպանվելու է, համապատասխանում է իրականությանը: Հակառակ պարագայում լրջագույն խնդիրների առաջ կկանգնենք»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ